«Արդարություն» կուսակցությունը Վիտալի Բալասանյանին առաջադրել է՝ որպես նախագահի թեկնածու

«Արդարություն» կուսակցությունը Վիտալի  Բալասանյանին առաջադրել է՝ որպես նախագահի թեկնածու

«Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն առաջարկել է Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու քննարկել  Արցախի հերոս Վիտալի  Բալասանյանի թեկնածությունը:  

«Ինչպես գիտեք, կուսակցության քաղաքական խորհրդի նոյեմբերի 23-ի նիստին քննարկվել է 2020 թվականի համապետական ընտրություններին մասնակցելու հարցը և որոշում է կայացրել՝ մասնակցել  խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ սեփական թեկնածուի առաջադրմամբ: Արցախի «Արդարություն» կուսակցությունը Արցախի Հանրապետության կայացման և զարգացման այս ժամանակահատվածում, արձանագրելով առկա բազմաթիվ նոր իրողություններ, գնահատելով երկրին նետված նոր մարտահրավերները, որպես Արցախի գոյության համար մեծագույն վտանգներ, փաստում է, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով Արցախի խնդրի խաղաղ կարգավորման հարցում ստեղծվել է նոր իրավիճակ, ինչը պայմանավորված է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունների կողմից որդեգրված նոր մոտեցումներով, սկզբունքներով, մարտավարությամբ ու ռազմավարությամբ»,-մանրամասնում է Հ. Հակոբյանը և ավելացնում, որ Արցախի հիմնախնդրի լուծման հարցում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որդեգրել է նոր մարտավարություն՝ հավատարիմ մնալով իր ռազմավարությանը. այն է՝ վերացնել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը և այն բռնակցել Ադրբեջանին:

Հ. Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ զավթողական նկրտումները դրսևորվում են, առաջին հերթին, բանակցություններում ադրբեջանական կողմի դիրքորոշման կարծրացմամբ, նրանց կողմից զիջումների գնալու բացակայությամբ, Ադրբեջանի նախագահի կողմից ոչ միայն Արցախը բռնակցելու հրապարակային կեցվածքով, այլև Հայասատանի Հանրապետության մաս կազմող Սյունիքը զավթելու հրապարակային հայտարարությունով, ինչը  համարժեք գնահատականի և դատապարտման չարժանացավ ո՛չ համանախագահող երկրների, ո՛չ միջազգային կառույցների և միջազգային հանրության, և ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից:

Արցախին նետված նոր մարտահրավերներին դիմագրավելու, սպառնալիքները չեզոքացնելու, երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, պետության անվտանգության մակարդակը բարձրացնելու, Արցախի քաղաքացիների միջև համերաշխությունը ամրացնելու, երկրում սոցիալական արդարությունը վերականգնելու, պետությունը առավել արդյունավետ կառավարելու և Ադրբեջանի կողմից իրական պատերազմի վտանգը չեզոքացնելու նպատակով՝ Հ. Հակոբյանն առաջարկել է այն կետերը, որոնք պետք է ունենա Արցախի նախագահը:

««Արդարություն» կուսակցությունը գտնում է, որ երկրի կառավարչի և ղեկավարի ունակություններով, գիտելիքներով և փորձառությամբ, մարդկային բարձր բարոյական անհրաժեշտ հատկանիշներով օժտված, երկրին և ժողովրդին նետված  փորձությունների ժամանակ ճակատագրական և ճշգրիտ որոշումներ կայացնող և իրագործող, Արցախի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին և արցախյան ազատամարտին մասնակցած, ռազմական փայլուն հաղթանակներ կերտած անձը, որի կարիքը Արցախի ժողովուրդը և համայն հայությունն ունի այսօր, առավել քան երբևէ, դա Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի  Բալասանյանն է»-,նշել է համանախագահը՝ ավելացնելով, որ «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը, պայմանավորված աշխարհաքաղաքական նոր իրողություններով, Արցախի Հանրապետությանը նետված նոր մարտահրավերներով, Ադրբեջանի կողմից արցախյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու, 2016 թվականին լայնածավալ ռազմական գործողությունների կրկնության վտանգի աննախադեպ աճով և այն կանխելու վճռական պատրաստակամությամբ, Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջարկում է քննարկել Վիտալի  Միխայիլի Բալասանյանի թեկնածությունը:

Վիտալի  Բալասանյանին 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու հարցը քվեարկության արդյունքում միաձայն ընդունվեց:

Աննա Պետրոսյան

452 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով