«Դա նշանակում է՝ ազատագրված Արցախի հանձնում Ադրբեջանին՝ փուլային տարբերակով». Դավիթ Ջամալյան

«Դա նշանակում է՝ ազատագրված Արցախի հանձնում Ադրբեջանին՝ փուլային տարբերակով». Դավիթ Ջամալյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ

– Պարոն Ջամալյան, Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ ընթացող երկօրյա բանակցություններն ավարտվեցին: Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ ասաց, որ այս պահին սեղանին դրված ոչ մի թուղթ չկա, թղթի շուրջ չեն բանակցում: «Բանակցում ենք այն ամենի շուրջ, ինչի մասին հայտարարել եմ 2019թ. մարտի 12-ին Ստեփանակերտում»,- ասել էր  վարչապետը: Եթե չկա որևէ փաստաթուղթ, ապա երկու օր արտգործնախարարներն ինչի՞ շուրջ էին բանակցում:

– Առկա հայտարարությունների մակարդակով հստակ է մի բան՝ Արցախի ադրբեջանական համայնք կոչվածի ներգրավվածությունը բանակցություններին ինտենսիվորեն առաջ է մղվում, ընդ որում՝ ես հասկանում եմ, որ ոչ միայն ադրբեջանական կողմից, որովհետև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն է հանդիպել այդ կառույցի հետ: Այսինքն՝ կա որոշակի ճնշում, որ այդ կառույցը սուբյեկտայնություն ստանա և բանակցություններին ներկա լինի: Այստեղ արձանագրենք, որ եթե բովանդակային բանակցություններ են ընթանում, մեծապես հավանական է, որ քննարկվում է այդ հարցը: Դատելով մեզանում հնչած հայտարարություններից, շատ վտանգավոր միտումներ կան առ այն, որ հայկական կողմը կա՛մ համաձայնել է այդ սցենարին, կա՛մ փորձում է դիմադրել՝ ինչ-որ ճկուն մարտավարական մեխանիզմներ բանեցնելով, մասնավորապես՝ Արցախի միջոցով, բայց մի բան է հստակ, որ բանակցությունների գործընթացում այս թեման առաջնային տարվում է:

– Դուք ասացիք, որ այդ ուղղությամբ կա ճնշում. ո՞ւմ կողմից՝ համանախագահների՞:

– Առնվազն այն գլոբալ աշխարհաքաղաքական դերակատարների կողմից, ովքեր ներգրավված են համակարտության կարգավորման գործընթացում, այլապես ԱՄՆ դեսպանի հանդիպումը Բաքվում այդ կառույցի հետ ուղղակի չէր լինի: Դա ցուցադրական քայլ էր:

– Դավիթ Շահնազարյանը 168.am-ին ասել է, որ Ժնևում բովանդակային բանակցություններ են ընթանում ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ, և բանակցվում է Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը: Ըստ էության, Դուք էլ դրա մասին խոսեցիք: Եթե նման սցենար լինի, ի՞նչ վտանգներով է դա հղի:

– Մենք շատ մեծ լրջությամբ պետք է վերաբերվենք պարոն Շահնազարյանի հնչեցրած դիտարկումներին, որովհետև խնդրին քաջատեղյակ եզակի գործիչներից մեկն է: Եթե նա նման բան է ասում, ուրեմն հիմքեր ունի, իսկ դա սարսափելի բան է: Ինքնին փաստը, որ կարող է անգամ այդպիսի բան քննարկվել, նշանակում է, որ մենք ուղղակի գնում ենք կապիտուլյացիայի ճանապարհով, որովհետև ի՞նչ է նշանակում՝ համատեղ բնակության գոտիներ ստեղծել: Դա նշանակում է՝ ուղղակի ազատագրված Արցախի հանձնում Ադրբեջանին՝ փուլային տարբերակով: Ի՞նչ ունեինք մենք 2018թ. մայիսի դրությամբ: Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ խոսում էր Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մասին և վկայակոչում էր հայտնի Մադրիդյան սկզբունքները, և վկայակոչում է՝ ինչ-որ կայքում անորակ մի հոդված մեջբերելով, իսկ այդ հոդվածի բուն նպատակը Վիտալի Բալասանյանին վարկաբեկելն էր, բայց չգիտես՝ ինչու, չի խոսում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, սա նշանակում է, որ նա ուղղակի մոլորեցնում է մեր հանրությանը:

Սերժ Սարգսյանի ժառանգությունը առ 2018թ. մայիս հետևյալն էր. 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների, այսինքն՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ձախողումից հետո, երբ վերահաստատվեց Արցախի պետական սահմանը, հայկական կողմը հասավ նրան, որ ընդունվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որը ենթադրում էր Մադրիդյան սկզբունքների բեկանման սկիզբը, որովհետև երբ բովանդակային բանակցությունները մի կողմ էին դրվում և խոսվում էր Արցախի պետական սահմանին վստահության մեխանիզմներ ներդնելու մասին, սրանով փաստվում էր, որ միջազգային հանրությունը ընկալում է այդ բաժանարար գիծը ՊԲ-ի և Ադրբեջանի զինված ուժերի միջև՝ ավելին, քան ուղղակի բաժանարար գիծ: Այսինքն՝ սա Արցախի պետական սահմանի լեգիտիմացմանն ուղղված առաջին կարևոր քայլն էր:

Նիկոլ Փաշինյանը եկավ, իր ընկալմամբ՝ փորձեց սկսել զրոյից, բայց հրաժարվեց այդ կարևորագույն ձեռքբերումից: Հետո ի հայտ եկավ Արցախը բանակցությունների սեղան բերելու հարցը, որ միշտ եղել է օրակարգում, ադրբեջանական կողմը հակընդդեմ պահանջը ներկայացրեց, և հիմա կարծես թե զարգացումները գնում են այն տրամաբանությամբ, որ՝ ի՞նչ կա որ, թող Ալիևի հետ ով ուզում է՝ գա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

107 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով