Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները չեն հանդիսանում խաղաղ գործընթացի գործոն. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները չեն հանդիսանում խաղաղ գործընթացի գործոն. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցչի՝ դեսպանների հետ հանդիպման վերաբերյալ հարցին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցն ու ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը.

Հարց. Հայաստանի փորձագիտական շրջանակում ակտիվանում են քննարկումներն այն առնչությամբ, որ խաղաղ գործընթացում առավել մեծանում է ԼՂ ադրբեջանական համայնքի դերը խաղաղ կարգավորման գործընթացում, ինչի մասին են վկայում նաև համանախագահ երկրների դեսպանների հանդիպումը համայնքի ղեկավար Թուրալ Գյանջիալիևի հետ: Արդյոք կա՞ նման զարգացում:

Պատասխան. Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, և ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ։

Կրկնեմ, որ հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Սկսած 1992 թվականից Արցախի իշխանությունները ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների կարգավիճակով մասնակցել են խաղաղ գործընթացին: ԼՂ իշխանությունները ՀՀ-ի և Ադրբեջանի հետ մեկտեղ ստորագրել են հրադադարի հաստատման կոչ պարունակող Բիշքեկի արձանագրությունը, իսկ նույն 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվել է եռակողմ բանակցային ձևաչափը, որը բխում է 1994թ.-ի եռակողմ՝ ԼՂ, Ադրբեջան և Հայաստան հրադադարի համաձայնագրից: 

56 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով