Փաշինյանը, հասկանալով, որ վաղ թե ուշ դատվելու է սահմանադրական կարգը տապալելու համար, ցանկանում է հնարավորինս շատ մարդու ներգրավվել հանցագործության մեջ. Իսագուլյան

Փաշինյանը, հասկանալով, որ վաղ թե ուշ դատվելու է սահմանադրական կարգը տապալելու համար, ցանկանում է հնարավորինս շատ մարդու ներգրավվել հանցագործության մեջ. Իսագուլյան

Նիկոլը և նրա ոհմակը, երեկվա իր բառապաշարին հարիր եմ խոսում, լկտի ձևով սահմանադրական կարգը տապալելու հարձակում էր գործել դատական իշխանության՝ ի դեմս Սահմանադրական դատարանի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ կողմից ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունը դադարեցնելու նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը:

«Շատ տարօրինակ է, որ հասարակության մեջ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ճշմարտությունն ասելը դարձել է մի տեսակ անընկալելի ու անհասկանալի. բացարձակ դեմագոգիան հասարակության շրջանում ավելի լավ է աշխատում, քան ճշմարտության բացահայտումը»,- ասաց նա:

Իսագուլյանն ընդգծեց, որ նախագիծը ներկայացնող անձն ընդհանրապես չուներ բարձրագույն կրթություն: «Հավատացե՛ք, Նիկոլի թիմում ուրիշ մարդ չկար, որ կարող էր նախագիծ ներկայացնել: Ինչո՞ւ այսքանից հետո հասարակությունը չի արթնանում, դա է տարօրինակ: Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի իրենց այս ապօրինի, անօրինական հանրաքվեն համընկնի Արցախում տեղի ունեցող նախագահական ընտրությունների հետ: Չի բացառվում, որ նույն օրը Հայաստանում լինի հանրաքվե, իսկ Արցախում՝ ընտրություն»,- կարծիք հայտնեց նա:

Իսագուլյանը իրավիճակի հանգուցալուծման ելքը չգիտի: «Նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ բազմաթիվ բաներ եմ ասել, չի բացառվում, որ վարչապետը կրկին ինչ-որ փաստերով պարտադրել է նրան, որ վաղը կամ մյուս օրը նախագահը ստորագրի այդ ապօրինի փաստաթուղթը, անգամ դրա սահմանադրականությունը ստուգելու համար այն չուղարկի Սահմանադրական դատարան: Նիկոլ Փաշինյանն իր հետ հանցագործությանը մասնակից է դարձնում ԱԺ պատգամավորներին, ՀՀ նախագահին, հիմա էլ հանրաքվեի միջոցով ուզում է դրան մասնակից դարձնել մի ողջ ժողովրդի՝ շատ լավ հասկանալով, որ վաղ թե ուշ դատվելու է սահմանադրական կարգը տապալելու համար, ինքը փորձում է այդ հանցագործության մեջ ներքաշել ինչքան հնարավոր է շատ մարդու, պաշտոնատար անձանց»,- ասաց նա:

Իսագուլյանն արտախորհրդարանական ուժերին և ԱԺ ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցություններին առաջարկեց զուգահեռ ստեղծել նոր ժամանակավոր կառավարություն, որովհետև Հայաստանը գտնվում է ոչ օրինական ընթացքի մեջ, ուստի, ցանկացած մեկը կարող է իրեն հռչակել՝ որպես վարչապետ: Նա Արցախի նախագահին էլ առաջարկեց Արցախում արտակարգ դրություն հայտարարել և հետաձգել նախագահական և խորհրդարանական ընտրությունները:

Աղբյուրը՝ tert.am

109 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով