Ապրիլի 6-ի դրությամբ Արցախ մեկնել թույլատրվել է 1908 տրանսպորտային միջոցի, իսկ 575 տրանսպորտային միջոցների մուտքն արգելվել է․ փոխոստիկանապետ

Ապրիլի 6-ի դրությամբ Արցախ մեկնել թույլատրվել է 1908 տրանսպորտային միջոցի, իսկ 575 տրանսպորտային միջոցների մուտքն արգելվել է․ փոխոստիկանապետ

Ճանապարահային ոստիկանության ծառայության կարգախմբերի կողմից 2858 անձնական տրանսպորտային միջոցից իջեցվել են 3-րդ և ավելի ուղևոր հանդիսացող անձինք, իսկ 69 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ՝ ուղևորափոխադրման կանոնները խախտելու համար: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ապրիլի 6-ի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից կատարվել է ԻԻՀ-ից ՀՀ մուտք գործող բեռնափոխադրում իրականացնող 515 տրանսպոտային միջոցի ուղեկցում, որին նեգրավված են եղել ոստիկանության 477 կարգախմբեր: Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից կատարվել են 69 այլ տրանսպորտային միջոցների ուղեկցումներ:


Մհրյանի խոսքով՝ ճանապարհային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհների կայուն պահակակետերի միջոցով ծառայությունը՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքը ԱՀ: «Ապրիլի 6-ի դրությամբ ԱՀ մեկնել թույլատրվել է 1908 տրանսպորտային միջոցի, իսկ 575 տրանսպորտային միջոցների մուտքն արգելվել է»,-ասաց նա:

Վերջինս հայտնեց, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից կայուն պահակակետեր են տեղակայվել 27 մեկուսացված վայրերում: «Մեկուսացման վայրերում ծառայության ընդգրկված ոստիկանների քանակը օրական կազմում է 137 ծառայող»,-նշեց Մհրյանը:

Փոխոստիկանապետի տեղակացմամբ՝ ոստիկանության կողմից տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտներին բաժանվել է 2138 իրազեկող թերթիկներ, դադարեցվել է 2164 օբյեկտների տնտեսական գործունեությունը, 36-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Նրա խոսքով՝ ապրիլի 6-ի դրությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182․3-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված իրավախախտում կատարելու համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 6667 արձանագրություն, որոնցից 1735-ով կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ:

Մհրյանը հայտնեց նաև, որ ՀՀ ողջ տարածքում ապրիլի 6-ի դրությամբ նշանակված են 69 հատուկ անցակետեր ՀՀ մարզերի և Երևանի վարչական սահմանների միջև բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու համար, որոնցում ծառայության ներգրավված ոստիկանության զորքերի, Ճանապարհային ոստիկանության, ԱԱԾ-ի, Ռազմական ոստիկանության և առողջապահության մարմինների կողմից կատարվում է ծառայություն: «Մինչ օրս արգելվել է 3007 տրանսպորտային միջոցի մուտքը մի վարչական տարածքից դեպի մյուս վարչական տարածք»,-ասաց նա:

Մհրյանի խոսքով՝ ապրիլի 6-ի դրությամբ ոստիկանության կողմից ընդհանուր առմամբ հսկողություն է սահմանվել ՀՀ տարածքում անցկացված 870 հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությունների և 10 այլ միջոցառումների ընթացակարգերի վրա:

Փոխոստիկանապետը տեղեկացրեց նաև, որ Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը ներգրավված է կորոնավիրուսով վարակվածների մեկուսացման և բուժման գործընթացում, գործում է որպես ինֆեկցիոն հիվանդանոց: «Այս պահի դրությամբ այնտեղ բուժում է ստանում 83 վարակակիր»,-հավելեց նա:

63 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով