Արցախի «Արդարություն» կուսակցությունը կոչ է անում Արցախի Հանրապետության քաղաքական իշխանությանը զերծ մնալ խիստ վիճելի ու ակնհայտ քաղաքական երանգ ունեցող քրեական գործեր ու քրեական հետապնդումներ իրականացնելուց

Արցախի «Արդարություն» կուսակցությունը կոչ է անում Արցախի Հանրապետության քաղաքական իշխանությանը զերծ մնալ խիստ վիճելի ու ակնհայտ քաղաքական երանգ ունեցող քրեական գործեր ու քրեական հետապնդումներ իրականացնելուց

Արցախի «Արդարություն» կուսակցության մամուլի խոսնակ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Սիրելի՛ հայրենակիցներ․
ինչպես գիտեք, Արցախի “Արդարություն” կուսակցությունը 2020 թ ապրիլի 30_ին միջոցառում էր իրականացրել, որի շրջանակում հանձնել է նամակներ արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների, քողարկված գործընթացի և իր դիրքորոշման վերաբերյալ՝ ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին, ԱՀ ԱԳ նախարարին և ԱՀ նորընտիր նախագահին։ Միջոցառումն իրականացվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների միջազգային կոնվենցիանների և ԱՀ օրենքների շրջանակում, պահպանվել են համավարակի բոլոր նորմերը, սոցիալական հեռավորություն, դիմակների և ձեռնոցների պարտադիր կրում։ Նույն օրը երեկոյան ԱՀ Ստեփանակերտի ոստիկանության բաժանմունք են հրավիրվել Արցախի Արցախի “Արդարություն” կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը և հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը նյութեր նախապատրաստելու կապակցությամբ:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ավագ հետաքննիչ, ոստիկանության կապիտան Ս.Ռ.Սարգսյանի 2020 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ հարուցվել է թիվ 14305420 համարով քրեական գործ:
Մենք դիմել ենք ԱՀ գլխավոր դատախազություն և բողոքարկել վերոնշյալ որոշումը, որը ներկայացնում եմ ստորև, միջոցառման տեսագրությունների հետ միասին։
Արցախի “Արդարություն” կուսակցությունը գտնում է, որ իշխանությունները գործել են ոչ իրավաչափ, խախտել ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքն՝ իրականացնելով քրեական հետապնդում կուսակցության անդամների նկատմամբ։
Արցախի “Արդարություն” կուսակցությունը կոչ է անում Արցախի Հանրապետության քաղաքական իշխանությանը զերծ մնալ խիստ վիճելի ու ակնհայտ քաղաքական երանգ ունեցող քրեական գործեր ու քրեական հետապնդումներ իրականացնելուց։

ԼՂՀ Գլխավոր դատախազի պաշտոնակատար
արդարադատության 2-րդ դասի
պետական խորհրդական՝ Ա.Գ.Ավագյանին
պատճեն ԱՀ Մարդու իրավունքների
պաշտպան` պարոն Ա. Բեգլարյանին

Բ Ո Ղ Ո Ք
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ավագ հետաքննիչ ,ոստիկանության կապիտան Ս.Ռ.Սարգսյանի 2020 թվականի մայիսի 11-ի որոշումը վերացնելու պահանջի մասին
2020 թվականի մայիսի 11-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ավագ հետաքննիչ, ոստիկանության կապիտան Ս.Ռ.Սարգսյանը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին: Հետաքննիչի կողմից կայացված որոշումը ունի հետևյալ բովանդակությունը. << ,, Արդարություն,, կուսակցության հիմնադիր անդամ Դավիթ Վլադիմիրի Գալստյանը,դիտավորությամբ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել և 2020 թ. ապրիլի 30-ին, ժամը՝ մոտ 11:00-ից մինչև 11:30-ն ընկած սահմաններում,իր համակուսակից անդամների հետ,սկզբում Ստեփանակերտ քաղաքի ,, Վերածննդի,, հրապարակում, իսկ այնուհետև Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցի 28 հասցեում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց անց է կացրել հավաք՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Արցախի Հանրապետության իշխանության պատկան մարմինների կողմից համապատասխան դիրքորոշում արտահայտելուն մղելու մտադրությամբ: Նկատի ունենալով, որ նկարագրած դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության 52-րդ,186-187-րդ, 192-193-րդ և 198-րդ հոդվածներով, որոշեց սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել քրեական գործ և այն ընդունել վարույթ>>: Քրեական գործին շնորհվել է 143054.20 համարը: ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ավագ հետաքննիչ, ոստիկանության կապիտան Ս.Ռ.Սարգսյանի վերոգրյալ որոշումն անհիմն ու անօրինական է: Որոշումը ենթակա է վերացման հետևյալ պատճառաբանություններից ելնելով. ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն՝ Քրեական գործ հարուցելու առիթներն են` 1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին. 2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները. 3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս: Հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս,որ քրեական գործ կարող է հարուցվել բացառապես հանցագործության կատարման դեպքի առթիվ: ԼՂՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝
1. Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել: (…)»: ԼՂՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:
2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»: ԱՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով: (…)»: Մեջբերված նորմերով սահմանված է օրինականության սկզբունքը, որի անբաժանելի տարրն է «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը: Վերջինս իր արտացոլումն է գտել ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան), այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայում: Այսպես, Ս.Ռ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության և Ս.Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործերով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված երաշխիքները, լինելով օրենքի գերակայության էական տարրեր, Կոնվենցիայի պաշտպանության համակարգում կայուն տեղ ունեն, և դա հատկապես ընդգծվում է այն փաստով, որ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն` անգամ պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ 7-րդ հոդվածից որևէ շեղում չի թույլատրվում: Վերջինս, ելնելով իր առարկայից և նպատակից, պետք է այնպես մեկնաբանվի ու կիրառվի, որպեսզի նախատեսի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման դեմ ուղղված արդյունավետ երաշխիքներ (տե՛ս Ս.Ռ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (C.R. v. THE UNITED KINGDOM), 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20190/92, կետ 32, Ս.Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (S.W. v. THE UNITED KINGDOM), 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20166/92, կետ 34): Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի գործով վճռում Եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսված չէ միայն նրա համար, որ ի վնաս մեղադրյալի հետադարձության կարգով քրեական օրենքի կիրառումն արգելվի: Այն ընդհանուր առմամբ ամրագրում է նաև այն սկզբունքը, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը (nullum crimen, nulla poena sine lege), ինչպես նաև այն սկզբունքը, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս մեղադրյալի տարածական մեկնաբանության ենթարկվի, օրինակ՝ այն չպետք է կիրառվի անալոգիայով (տե՛ս Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի գործով (KOKKINAKIS v. GREECE), 1993 թվականի մայիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 14307/88, կետ 52): Քննարկվող կանոնն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայում: Մասնավորապես Վարուժան Ավետիսյանի գործով որոշմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(…) [Ա]նձին հանցագործություն (հանցագործություններ) կատարելու մեջ մեղավոր ճանաչելու և այդ հանցագործության (հանցագործությունների) համար պատիժ նշանակելու միակ հիմքն է կատարման պահին նրա արարքն օրենքով հանցագործություն համարվելը և այդ հանցագործության համար պատիժ նախատեսված լինելը: Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով: Անձը չի կարող ենթարկվել նաև այնպիսի պատժի, որը նախատեսված չէ գործող օրենքով: (…) «[Չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 13-րդ կետը: Nullum crimen, nulla poena sine lege սկզբունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև Երվանդ Մելքոնյանի վերաբերյալ 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵՇԴ/0090/01/10 որոշման 14-16-րդ կետերում): Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերը մեջբերված դիրքորոշումներից հետևում է բացարձակ կանոնն այն մասին, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը, ինչպես նաև այն, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս մեղադրյալի տարածական մեկնաբանության ենթարկվի: Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով: Այս առումով Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է «օրենք» հասկացությանն առաջադրվող այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են հասանելիությունը և կանխատեսելիությունը (ի թիվս այլ աղբյուրների, տե՛ս, Կանտոնին ընդդեմ Ֆրանսիայի (CANTONI v. FRANCE) գործով Եվրոպական դատարանի 1996 թվականի նոյեմբերի 15-ի վճիռ, գանգատ թիվ 17862/91, կետ 29; Է.Կ.-ն ընդդեմ Թուրքիայի (E.K. v. TURKEY) գործով 2002 թվականի փետրվարի 7-ի վճիռ, գանգատ թիվ 28496/95, կետ 51): Որակական այս պահանջները պետք է ապահովվեն ինչպես հանցագործության, այնպես էլ դրա համար պատժի նշանակման ժամանակ (տե՛ս վերը՝ Աչորն ընդդեմ Ֆրանսիայի (ACHOUR v. FRANCE) Մեծ պալատի 2006 թվականի մարտի 29-ի որոշում, գանգատ թիվ 67335/01, կետ 41): Անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար (ի թիվս այլ աղբյուրների, տե՛ս վերը վկայակոչված` Կանտոնիի գործով որոշման 29-րդ կետը): Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի կարող ընկալվել որպես դատական մեկնաբանման միջոցով քրեական պատասխանատվության կանոնների աստիճանական հստակեցման բացառում, պայմանով, եթե հետևող զարգացումը համապատասխանում է արարքի էությանը և կարող է ողջամտորեն կանխատեսելի լինել (տե՛ս , ի թիվս այլ աղբյուրների, Ստերլեցը, Կոսլերը և Կրենզն ընդդեմ Գերմանիայի (Streletz, Kessler and Krenz v. Germany) գործով 2011 թվականի մարտի 22-ի վճիռը, գանգատ թիվ 34044/96 35532/97 44801/98, կետ 50): Մատչելի և ողջամտորեն կանխատեսելի դատական մեկնաբանության բացակայությունը նույնիսկ կարող է հանգեցնել ամբաստանյալի Կոնվենցիայի 7-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտում արձանագրելուն (տե՛ս Պեսսինոն ընդդեմ Ֆրանսիայի (PESSINO v. FRANCE) գործով 2006 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 40403/02, կետ 35): Վերոնշյալ դիրքորոշումներից հետևում է, որ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: Օրենսդրի խնդիրն է հնարավորինս հստակ և որոշակի սահմանել հանցավոր համարվող արարքը և դրա համար պատիժը, իսկ դատարանների խնդիրն է՝ օրենսդրի կողմից սահմանված արարքի էությանը համապատասխան մեկնաբանել նորմերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը զարգացող հասարակական հարաբերություններին:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ԼՂՀ քրեական օրենսգրքի անբաժանելի մասն են կազմում ընդհանրական և գնահատողական հասկացությունները, սակայն այդպիսի հասկացությունների կիրառումը պետք է պայմանավորված լինի առավել որոշակի հասկացությունների օգտագործմամբ: Վերը շարադրված իրավական վերլուծությունից հետևում է, որ դատական մեկնաբանման շրջանակները սահմանափակված են օրինականության սկզբունքով: Այդպիսի մեկնաբանումը հնարավոր է այն դեպքում, երբ իրականացվում է օրենսդրի կողմից սահմանված իրավակարգավորման շրջանակներում, բխում է դրա էությունից և բացառում քրեական օրենքի տարածական մեկնաբանումը կամ անալոգիայով կիրառումը: Վերոգրյալից հետևում է, որ այն դեպքում, երբ հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: Նման դեպքերում օրենքը չի համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրա հիման վրա անձին դատապարտելը կհանգեցնի «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնի խախտման: ԼՂՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն՝ /օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը/
1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը` պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով: Հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս,որ քրեական գործ հարուցելու, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու փաստի հայտնաբերումն է: Նշված հոդվածի հիմքում դրված է ԱՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը,համաձայն որի ՝Յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ կամ օրենքով և չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: ԱՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն՝/հավաքների ազատությունը/
1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազա-տորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում: /…./
3. Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:
4. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: << Հավաքների ազատության մասին >> ԱՀ օրենքի /ընդունված է 2018 թվականի հունիսի 28-ին/2-րդ հոդվածի /հավաքների հասկացությունը/ համաձայն՝
1. Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:
2. Հավաքը հանրային է, եթե դրան կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։
3. Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով (երթ)։
1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության (այսուհետ՝ հանրության շահեր), այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը (այսուհետ՝ այլ անձանց հիմնական իրավունքներ) գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։
2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։ Գործի փաստերը վկայում են,որ ,,Արդարություն,, կուսակցությունը հավաք չի կազմակերպել: Միջոցառմանը մասնակցել են ոչ ավելի քան թվով 5 անձինք,ովքեր ,,Արդարություն ,, կուսակցության անդամներ են: Միջոցառումը կարող է ,,Հավաքի,, իրավական հատկություն ունենալ բացառապես այն դեպքում,երբ միջոցառմանը կարող էին մասնակցել ,,Հավաքների ազատության մասին,, ԱՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով այլ անձինք: Միջոցառումը,որ կազմակերպվել է ,,Արդարություն,, կուսակցության մի քանի անդամներ,իրենց իսկ գործողություններով ցույց են տվել կուսակցության դիրքորոշումը,այլ ոչ թե << անց է կացրել հավաք>>, ինչպես նշված է քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ: Քրեական վարույթի նախապատրաստված նյութերից դիտվում է,որ կուսակցության ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումը արտահայտելու ընթացքում գտնվել են առողջապահական պարագաներով: Ընդ որում,միջոցառումը որ տեղի է ունեցել պատկան մարմինների 3 շենքերի դիմացի հատվածում, ինչպես նշված է քրեական գործի հարուցման մասին որոշման մեջ,տևել է ընդհամենը 30 րոպե,իսկ կոնկրետ միջոցառումը շենքերի դիմացին տևել է առավելագույնը 5-7 րոպե: Գործի փաստական տվյալները համադրելով Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը ՝Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակա հայտարարելու մասին հավելված 4-րդ բաժնում արտացոլված սահմանափակումների հետ, ակնհայտ է, որ ,, Արդարություն,, կուսակցության քաղաքական դիրքորոշման վերաբերյալ պատկան մարմիններին դիմումներ հանձնելու ընթացքը ներառված չեն վերոգրյալ որոշման սահմանափակումների շրջանակներում,ինչը նշանակում է,որ ձեռնարկված միջոցառումը չի կարող դիտվել հավաքի,ինչպես նաև ,,հանրային միջոցառում,, իրավական նշանակության հատկությունում: Ըստ ՔՔԻՄԴ-ի խաղաղ հավաքների ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ /ՔՔԻՄԴ,հոդված 4/: Այն «կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ ազգային անվտանգության կամ հանրային ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանրային առողջապահության կամ բարոյական սկզբունքների պահպանման կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար» (ՄԻԽ 15/21 բանաձև, ԿԱ 4):
Սակայն վերոնշյալ սահմանափակումները բացառություններ են, այլ ոչ թե օրինաչափություն: Հավաքների ազատության որևէ սահմանափակում չպետք է խախտի այդ իրավունքի էությունը, պետք է ամրագրված լինի օրենքով և պետք է լինի համաչափ և «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» (A/HRC/20/27, էջ 6, կետ 16): Որոշ սահմանափակումներ, օրինակ՝ առանց վերապահումների հավաքների անցկացման համատարած արգելքը, ըստ էության, անհամաչափ են և խտրական և պետք է հասցվի նվազագույնի՝ կիրառվելով համաչափության սկզբունքով միայն խիստ անհրաժեշտության դեպքերում (A/68/299, էջ 10, կետ 25): Հավաքի արգելքը պետք է կիրառվի միայն որպես ծայրահեղ միջոց: Սահմանափակումները պետք է այնուամենայնիվ թույլատրեն, որպեսզի ցույցերն անցկացվեն դրանց նպատակային լսարանին հասանելի տարածքում, այլ ոչ թե, օրինակ, տեղափոխվեն քաղաքի ծայրամասեր կամ այնպիսի տարածք, որտեղ դրանց ազդեցությունը կնվազեցվի (A/HRC/20/27, էջ 11, կետ 40): Այսպիսով, հետևում է,որ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ավագ հետաքննիչ, ,ոստիկանության կապիտան Ս.Ռ.Սարգսյանի 2020 թվականի մայիսի 11-ի որոշումը՝ հաստատված Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ,ոստիկանության գնդապետ Մ.Հ.Պողոսյանի կողմից,անհիմն ու անօրինական է: Նշված որոշմամբ խախտվել է իմ իրավունքներն ու օրինական շահերը: Մասնավորապես,քրեական գործ հարուցելու մասին որոշման նկարագրական մասում արտացոլված լինելով իմ անձնական տվյալները,հեղինակազրկել է ինձ և հանրությանը ներկայացվել է հանցավորության ենթամշակույթի վարքագծի կերպարով: Վերոգրյալի հիման վրա, խնդրում եմ բողոքը ճանաչել հիմնավորված և որոշում կայացնել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ավագ հետաքննիչ, ոստիկանության կապիտան Ս.Ռ.Սարգսյանի 2020 թվականի մայիսի 11-ի որոշումը՝թիվ 14305420 համարով քրեական գործ հարուցելու և այն վարույթի տակ ընդունելու մասին որոշումը վերացնելու մասին:

Բողոքաբեր՝
Արցախի Արդարություն կուսակցության
հիմնադիր անդամ Դ.Գալստյան

Հաղթանակը չի վաճառվումԱյսօր` 2020 թվականի ապրիլի 30-ին, Արցախի ,,Արդարություն,, կուսակցության որոշ անդամներ և նորընտիր պատգամավորները, բողոքի ակցիա են կազմակերպել: Ակցիայի ընթացքում նամակով իրենց բողոքի պահանջները հանձնեցին ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին և ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մաիլյանին:

Опубликовано Արցախի Արդարություն Կուսակցություն Четверг, 30 апреля 2020 г.
Արդարություն

Այսօր` 2020 թվականի ապրիլի 30-ին, Արցախի ,,Արդարություն,, կուսակցության որոշ անդամներ և նորընտիր պատգամավորները, բողոքի ակցիա են կազմակերպել: Ակցիայի ընթացքում նամակով իրենց բողոքի պահանջները հանձնեցին ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին և ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մաիլյանին:

Опубликовано Արցախի Արդարություն Կուսակցություն Четверг, 30 апреля 2020 г.

910 total views, 3 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով