Զրկելով երեխային դպրոց հաճախելու հնարավորությունից, մենք կոպիտ ձևով միջամտում ենք նրա անձի զարգացմանը. Մետաքսե Հակոբյան

Զրկելով երեխային դպրոց հաճախելու հնարավորությունից, մենք կոպիտ ձևով միջամտում ենք նրա անձի զարգացմանը. Մետաքսե Հակոբյան

ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Կրթություն համավարակի պայմաններում

Հանրահայտ է, որ համաճարակը յուրաքանչյուր երկրի համար ծանրագույն մարտահրավերներ է ստեղծում: Էլ ավելի հանրահայտ է, որ արտակարգ իրավիճակներին նախօրոք պատրաստված երկրները դուրս են գալիս համաճարակային իրավիճակներից մինիմալ կորուստներով: Այսօր Արցախը գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ամեն մի չհաշվարկված քայլ, որոշում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր կյանքի վրա: Ոլորտի պատասխանատուների թիվ 1 քննարկման հարցն է, թույլատրել երեխաներին գնալ դպրոց, թե ոչ։ Իսկ արդյոք դպրոցը երեխաների համար սոսկ գիտելիք ստանալու վայր է, որին կկարողանա փոխարինել հեռավար ուսուցումը․ վստահ եմ՝ ոչ:

Կրտսեր դպրոցական տարիքը անձի կայացման կարևորագույն փուլերից մեկն է, որի ընթացքում տեղի է ունենում անհոգ մանկությունից անցում այնպիսի մի շրջանի, երբ անհրաժեշտություն է ծագում նոր դերեր կրել, պատասխանատու լինել, տարբեր պահանջներ իրականացնել: Այս շրջանում հակասության մեջ են մտնում երկու հիմնական դրդապատճառ` անհրաժեշտություն և ցանկություն: Մի կողմից, առաջնորդվելով անհրաժեշտության պահանջմունքով, երեխան բացահայտում է հասուն կյանքը, իսկ մյուս կողմից, դրդված լինելով ցանկության պահանջմունքով, երեխան ցուցաբերում է այնպիսի վարք, որը վերադարձնում է իրեն մանկության աշխարհ, որտեղ ամեն բան ապահով է, ծանոթ, իրականանալի, չկան որոշակի պարտականություններ և պահանջներ: Զրկելով երեխային դպրոց հաճախելու հնարավորությունից, մենք կոպիտ ձևով միջամտում ենք նրա անձի զարգացմանը: Այդ փուլում երեխան իմպուլսիվ է, անհանգիստ, ունի ոչ կայուն ուշադրություն, իսկ դպրոցը նրա մոտ արդեն ձևավորվում է պահանջմունքների նոր մակարդակ, նա սկսում է գործել, առաջնորդվելով որոշակի նպատակներով, արժեքներով, զգացմունքներով: Երեխայի հոգեկան զարգացման կենտրոնում է հայտնվում կամածինության ձևավորումը /պլանավորում, գործողությունների զարգացման ծրագիր, վերահսկողության իրականացում/: Կրտսեր դպրոցականի համար նաև չափազանց կարևոր է նոր տպավորություններ ստանալու պահանջը, որի հիման վրա ձևավորվում են գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելու պահանջը: Այս պահանջը առաջնորդում է երեխայի զարգանալու, դրդապատճառների նոր համակարգ ձևավորելու ընթացքը: Ողջ համակարգում կարևոր դեր են խաղում սոցիալական դրդապատճառների ձևավորումը, որը ի հայտ է գալիս 2-3 դասարաններում: Աշակերտի համար կարևորվում են ուսուցչի գովասանքը, գնահատականը, ավելի ուշ հասակակիցների կարծիքը իր անձի վերաբերյալ:

Այս ամենը նպաստում է երեխայի կողմից սոցիալական իր նոր դերերի գիտակցմանը, իր <<Ես>>-ի ինքնահաստատմանը: Երեխայի դրդապատճառների առաջացման, հետաքրքրության պահպանման, <<Ես>>-ի ինքնահաստատման գործընթացում չափազանց կարևորվում է ուսուցչի դերը, որին պետք է աշակերտը տեսնի և զգա նրա ներկայությունը:

Անցնելով հեռավար կրթության, կրտսեր դպրոցի երեխաների համար, անհասկանալի է դառնում ուսուցչի դերը: Իսկ կրտսեր դպրոցի առաջին տարիներին ուսուցիչը երեխայի համար միակ և անսասան հեղինակությունն է: Աշակերտի <<հայացքը>> հիմնականում ուղղված է նրան, համադասարանցիներին նա ընդունում է ուսուցչի միջոցով, արժևորում է այն համադասարանցիներին, ում գնահատում է ուսուցիչը: Այդ պատճառով, ուսուցիչը որպես հեղինակություն կարող է ուղղորդել երեխայի հասարակական շփումները: Հետզհետե մեծանում է հասակակիցների հետ շփվելու պահանջը, որի բավարարման ընթացքում երեխան սկսում է հասկանալ առկա կանոնները, միջանձնային շփման նրբությունները: Հեռավար կրթության ժամանակ մենք գրեթե հավասարեցնում ենք զրոյի միջանձնային շփումների հնարավորությունը, որը կարևորագույն նշանակություն ունի անձի զարգացման գործընթացում: Կրտսեր դպրոցական տարիքի հիմնական նորագոյացություններից է գործողությունների կամածինության զարգացումը, որը բավական երկարատև գործընթաց է և սկսվում է դպրոց գնալու առաջին իսկ օրից, առաջին զանգից և շարունակվում ողջ ուսումնական գործունեության ընթացքում: Ձևավորվում է կամքը, որն անընդհատ գործընթաց է, քանի որ ուսումնական գործունեության ողջ ընթացքում երեխայի առջև դրվում են նորանոր նպատակներ:

Այսպիսով, կարելի է փաստել, որ կրտսեր դպրոցական տարիքում երեխաները դպրոց հաճախելու ընթացքում ունենում են հետևյալ ձեռքբերումները`

1. իմացական ոլորտի զարգացում,

2. աֆեկտիվ-պահանջմունքային նոր մակարդակի ձևավորում, ինչը թույլ է տալիս գործել ոչ թե անմիջականորեն, այլ առաջնորդվելով հստակ գիտակցված նպատակներով, բարոյական նորմերով և արժեքներով,

3․ հարաբերականորեն կայուն վարքաձևերի ձևավորում,

4․ երեխայի սոցիալական ուղղվածության զարգացում:

Ցավոք հեռավար կրթության միջոցով և դպրոց հաճախելու հնարավորությունից զրկելու պատճառով, նշված չորս ձեռքբերումներից հնարավոր է մասամբ ապահովել միայն առաջին ձեռքբերումը՝ իմացական ոլորտի զարգացումը, որի արդյունքում մենք կունենանք թերի զարգացած անձ:

Հ․Գ․ Շաունակելի․․․»

Կրթություն համավարակի պայմաններումՀանրահայտ է, որ համաճարակը յուրաքանչյուր երկրի համար ծանրագույն մարտահրավերներ է…

Опубликовано Metaqse Hakobyan Воскресенье, 28 июня 2020 г.

205 total views, 3 views today

Այլ նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով