Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական բաժինը։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համերաշխության և համագործակցության կարևորությունը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության համար։ 

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Կարևորվեց հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության և Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի շրջանակներում ինչպես հեռավար, այնպես էլ՝ համավարակից հետո անմիջական ձևաչափով շփումների շարունակումը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը մտքեր փոխանակեցին Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ, որը ներառում է կառուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, իրավապահ ոլորտները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց ԱՄՆ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև քաղաքացիների հետ ընդունման հարցերով համագործակցությանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը հայտնեց, որ արժևորելով այդ ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտը դուրս է բերել Հայաստանը ռիսկային երկրների ցանկից և ներառել քաղաքացիներին հետ ընդունման հարցերով համագործակցող երկրների ցանկում:

«Կրոնական ազատությունների դաշինքի» շրջանակներում համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց մերձավորարևելյան տարածաշրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ Հայաստանի կողմից նախաձեռնված ծրագրերը:

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր:

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:

Աղբյուրը՝ news.am

60 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով