Հադրութում նոր ծրագրեր են նախատեսվում. Հանրապետության նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

Հադրութում նոր ծրագրեր են նախատեսվում. Հանրապետության նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին, այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից:
Վերջինս հանդես է եկել շրջանում համավարակային կայուն իրավիճակի, բերքահավաքի ընթացիկ աշխատանքների և հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական խնդիրների մասին համապարփակ զեկուցմամբ:
Հանդիպմանը քննարկվել են կապիտալ շինարարության տարբեր ծրագրեր: Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ «Դիզակշին» ընկերությանը լրացուցիչ 140 մլն ՀՀ դրամ կհատկացվի, որից 70 մլն-ը՝ ներհամայնքային ճանապարհների սալապատման, 40 մլն-ը՝ շրջանում բարեկարգման աշխատանքների իրականացման համար: Եւս 65 մլն ՀՀ դրամ հատկացվելու է շրջանի վարչակազմին՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում սոցիալական տարբեր խմբերի շինանյութ տրամադրելու նպատակով: Նախագահի խոսքով՝ այս տարի հերթացուցակում գտնվող շրջանի բազմազավակ ընտանիքների համար նախատեսված 12 առանձնատան փոխարեն կկառուցվի 18 առանձնատուն: Կուսումնասիրվի նաև Հադրութ քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման հնարավորությունը:
Երկրի ղեկավարը նշել է, որ պետական միջոցներով շուտով կսկսվեն Տող-Տումի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, ինչպես նաև պետական ծրագրում կներառվի Թաղուտ համայնքում նոր դպրոցական շենքի կառուցումը:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը:

43 total views, 2 views today

Այլ նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով