ԱՄՆ-ում հայտարարել են, որ միշտ դիտարկում են Իրանի դեմ ռազմական սցենարը

ԱՄՆ-ում հայտարարել են, որ միշտ դիտարկում են Իրանի դեմ ռազմական սցենարը

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և ԱՄՆ-ն դա կանխելու համար «միշտ դիտարկում է» ռազմական սցենարը, գրում է Axios-ը։

«Զենքի էմբարգոյի երկարաձգման հարցում, որն արդեն գործում է 13 տարի, մենք ելնում ենք ազգային անվտանգության շահից»,- հայտարարել է Հուկը իսրայելական Channel 13 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ «հույս ունի, որ Ռուսաստանն ու Չինաստանը, որպես ՄԱԿ ԱԽ անդամներ կաջակցեն ԱՄՆ-ին, քանի որ «նույնպես ցանկանում են Մերձավոր Արևելքը տեսնել խաղաղ և կայուն»:

Հուկը հավելել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) լքելու ԱՄՆ-ի որոշումը սխալ չի եղել:

«Գործարքից դուրս գալը ճիշտ որոշում էր։ Հարցը, որ մենք տալիս ենք մեզ ամերիկյան ժողովրդի անունից հետևյալն է՝ ո՞րն է Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու լավագույն միջոցը։ Եվ պատասխանը ԳՀՀԾ-ն չէ։ Մենք, ինչպես նաև նախագահը հստակ ասել ենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, և ռազմական տարբերակը միշտ դիտարկվում է։ Նախագահը թույլ չի տա նրանց միջուկային զենք ունենալ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015թ.-ին կնքված համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Համաձայնագիրը նախատեսում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման դիմաց Թեհրանի կողմից միջուկային մշակման սահմանափակում:

Ուղիղ 1 տարի անց Իրանը հայտարարել էր 60 օրվա ընթացքում ծրագրի որոշ կետերի պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին: ԳՀՀԾ-ի պարտավորություններից մասնակի հրաժարումն Իրանի կողմից ԱՄՆ-ի՝ առանց եվրոպական երկրների հավանության միջուկային ծրագրից դուրս գալուն ի պատասխան առաջին քայլն է:

Աղբյուրը՝ tert.am

29 total views, 3 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով