Անընդունելի է, երբ պաշտոնական հաղորդագրությունը տարածվում է ֆեյսբուքյան էջով, սա նշանակում է, որ այդ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է նշանակում պետական որոշում. Ռոբերտ Քոչարյան

Անընդունելի է, երբ պաշտոնական հաղորդագրությունը տարածվում է ֆեյսբուքյան էջով, սա նշանակում է, որ այդ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է նշանակում պետական որոշում. Ռոբերտ Քոչարյան

Կան տեխնոլոգիաներ, որոնք քաղաքական գործիչների կողմից օգտագործվելու են իրենց վարկանիշը բարձրացնելու կամ պահելու համար. «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները հաճախ տեղեկատվություն են փոխանցում ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Իմ համար անընդունելի է, երբ պետական պաշտոնյան պաշտոնական հաղորդագրությունը տարածում է իր անձնական ֆեյսբուքյան էջով, սա նշանակում է, որ այդ մարդիկ ուղղակի չեն հասկանում՝ ի՞նչ է պետությունը և ինչ է նշանակում պետական որոշում: Չի կարելի այս երկու բանը խառնել:

Դու ֆեյսբուքյան էջից կարող ես դա հանել, իսկ պաշտոնական հաղորդագրությունը մնայուն է: Պաշտոնական հաղորդագրությունը նշանակում է պետական քաղաքականության իրականացում այս կամ այն ոլորտներում: Խառնելը նշանակում է  մարդիկ ուղղակի չեն հասկանում ի՞նչ է նշանակում պետական կառավարումը: Այլ հարցերով մարդկանց իրավունքն է, կան սոցիալական ցանցեր, կան բազմաթիվ այլ հնարավորություններ իրենց փիառով զբաղվելու համար»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Անդրադառնալով մյուս դիտարկմանը՝ թե արտակարգ դրությունն ավարտվում է, բայց որոշ դպրոցներում և ինստիտուտներում փորձում են հեռավար ուսուցումը պահել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

«Իմ թոռնիկներին, երբ հարցնում եմ հեռավար դասերը իրենց դուր է գալիս, թե ոչ, ասում են՝ կարոտել են դպրոցը, երևի պետք է ինչ-որ ճանապարհ գտնել դպրոցներում նույնիսկ այս պանդեմիայի ժամանակահատվածում դասերն իրականացնելու համար: Հիմա մտածում են ինչ- որ «միքսի» մասին, որպեսզի անմիջական շփումը երեխաների միջև պահպանվի, որովհետև մանկապարտեզը, դպրոցը միայն գիտելիք ստանալու համար չէ, դա նաև սոցիալական շփման, կոմունիկացիայի փորձ ձեռք բերելու համար է»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց նաև, որ  թվում է, թե այսօրվա սերնդի շփման մակերեսը ավելի մեծ է, սակայն այսօրվա սերունդը ավելի միայնակ է, քանի որ զգալի մասը օնլայն տիրույթում է ժամանակ անցկացնում և նրանց շփման մակերեսից կտրելը սխալ կլինի. «Կովիդի հետ կապված իրավիճակը չպետք է պարանոյա դառնա հասարակության համար, իհարկե պետք է պաշտպանել, հնարավորինս փորձել նվազագույնի հասցնել վնասը, բայց չպետք է մեր կյանքի բնականոն ընթացքը այնպիսի տրանսֆորմացիայի ենթարկել, որ մեր հոգեկան վիճակը դեֆորմացվի, այս սահմանը մենք չպետք է անցնենք»:

Աղբյուրը՝ tert.am

37 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով