Հունաստանի վարչապետը Թուրքիային կոչ է արել հնարավորություն տալ դիվանագիտությանը

Հունաստանի վարչապետը Թուրքիային կոչ է արել հնարավորություն տալ դիվանագիտությանը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիային կոչ է արել հնարավորություն տալ դիվանագիտությանը` Արեւելյան Միջերկրական ծովի տարաձայնությունները լուծելու համար:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` Միցոտակիսը նշել է, որ Հունաստանը լուրջ աշխարհաքաղաքական խնդրի է բախվում Թուրքիայի հետ կապված, որը խախտում է միջազգային իրավունքը եւ սպառնում է անվտանգությանը եւ կայունությանն Արեւելյան Միջերկրական ծովում: «Անցյալ տարի կայացած Գլխավոր ասամբլեայում ես մտադրություն հայտնեցի բարեկամության եւ համագործակցության ձեռք մեկնել նախագահ Էրդողանին: Ես նույնիսկ խոսեցի Հունաստանի պատրաստակամության մասին` հանդես գալ որպես կամուրջ, որը կօգնի Թուրքիային հասնել Եվրոպա: Ցավոք, չնայած այն փաստին, որ Հունաստանը արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականության հիմքում դնում է վստահությունը, երկխոսությունն ու փոխըմբռնումը, Թուրքիան սրացումներով, սադրանքներով, ապատեղեկատվությամբ եւ ագրեսիայով պատասխանեց: Մինչ Հունաստանը բարեխղճորեն ընտրել է երկխոսության ուղին, Թուրքիան ընտրել է անհաշտության ուղին»:

Նա հավելել է, որ ԵՄ-ն պարզ հասկացրել է, որ միակողմանի գործողություններն անպատասխան չեն մնա, երբ դրանք սպառնում են իր անդամ երկրների ինքնիշխան իրավունքներին:

«Բոլորն էլ հասկանում են, որ լարվածության այս շարունակական սրումը չի կարող շարունակվել: Եվ ես հրաժարվում եմ հավատալ, որ ամենամոտ հարեւանների միջեւ գործընկերությունն անհնար է: Նայեք Իսրայելի եւ ԱՄԷ-ի վերջին համաձայնագրերին: Տարիների կասկածանքն ու հակակրանքը փոխարինվեցին համագործակցությամբ եւ փոխըմբռնմամբ: Այնպես որ, եկեք հանդիպենք, խոսենք եի փոխընդունելի լուծում փնտրենք: Եկեք  հնարավորություն տանք դիվանագիտությանը: Եթե մենք ի վերջո դեռ չենք կարող համաձայնության գալ, ապա պետք է վստահենք Հաագայի միջազգային դատարանի իմաստությանը: Երկու օր առաջ հայտարարված մեր երկու երկրների միջեւ որոնողական շփումների սկիզբը քայլ է ճիշտ ուղղությամբ: Եթե ​​նախագահ Էրդողանն իսկապես հավատում է, որ ՄԱԿ-ը հույսի փարոս է եւ գլոբալ համագործակցության պատվար, ապա ես կհորդորեի նրան գործել այդ արժեքներին համապատասխան»,- ասել է Միցոտակիսը:

Աղբյուրը՝ news.am

111 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով